«Դու երբեք ինձ չես լսում». Մակրոնը G20-ի ժամանակ նախատել է սաուդյան թագաժառանգին (տեսանյութ)

14:41 • 03.12.18

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Արգենտինայում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի ժամանակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ զրույցում նախատել է արքայազնին՝ ասելով, որ «նա երբեք չի լսում իրեն»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Մակրոնի ու գահաժառանգի զրույցը տեղի է ունեցել «ոտքի վրա» ու տևել է հինգ րոպե:

Ենթադրվում է, որ այդ ընթացքում նրանք քննարկել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությունը:

Պարբերականը նկատում է, որ զրույցի ձայնագրությունը հստակ չի լսվում. Մակրոնի ու արքայազնի խոսակցությունից լսելի է միայն այսքանը.


Մակրոն. «Ես անհանգստացած եմ, արդեն ասել եմ քեզ»:

Բին Սալման. «Այո, արդեն ասել ես այդ մասին, ու դրա համար շնորհակալ եմ»: 

Մակրոն. «Դու երբեք ինձ չես լսում»: 

Բին Սալման. «Իհարկե, ես քեզ լսում եմ»:


Հիշեցնենք, որ մի շարք արևմտյան երկրներ սաուդյան արքայազնին դիտարկում են որպես Խաշոգջիի սպանության պատվիրատու: