Վաղը մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկված է Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու հարցը. Արսեն Բաբայան
Վաղը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի ունենալիք ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում ներառված է պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու հարցը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:
«Հարցը ներառված է վաղվա օրակարգում»,- ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ներկայացնելով, թե ինչ կարգով է ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվում։
Ապա Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել. «Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,-նշված էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք նաև, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Պատգամավոր Արամ Հարությունյանը մեղադրվում է $14 մլն կաշառք ստանալու մեջ:










