«Սա իսկապես ես եմ». Նիգերիայի նախագահը հերքել է մահանալու և նմանակով փոխարինվելու մասին լուրերը

12:36 • 03.12.18

Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին հերքել է վերջին ամիսներին վիրտուալ տիրույթում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ինքը մահացել է ու փոխարինվել սուդանցի նմանակով:

Ինչպես նշում է The Guardian-ը, Բուհարին, որը որպես թեկնածու մասնակցում է նախագահական մրցապայքարին, նախորդ տարվա հինգ ամիսն անցկացրել է Մեծ Բրիտանիայում: Նշվում է, որ նա այնտեղ բուժում է անցել, սակայն հայտնի չէ, թե ինչ հիվանդություն է նրա մոտ ախտորոշվել:

Երկրի ընդդիմությունը սոցցանցերում տարածել է, որ նախագահը մահվան պատճառով Միացյալ Թագավորությունից չի վերադարձել ու իրականում փոխարինվել է Ջուբրիլ անունով սուդանցի նմանակով:

«Սա իրականում ես եմ, վստահեցնում եմ ձեզ: Շուտով նշելու եմ ծննդյանս 76-ամյակն ու դեռ շատ ուժ ունեմ: Շատերը հույս էին փայփայում, թե մահացել եմ հիվանդ եղած ժամանակ: Շատերը նույնիսկ դիմել էին փոխնախագահին, ինչը նրան շատ անհարմար դրության մեջ է դրել: Արդյունքում նա ժամանեց Լոնդոն ու այցելեց ինձ»,-ասել է նախագահը: