«Ես հավանում եմ նրան ու կկատարեմ նրա ցանկությունները». Թրամփը՝ Կիմ Չեն Ընի մասին

10:51 • 03.12.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն իմանա՝ ինքը հավանում է նրան ու կկատարի նրա ցանկությունները: Այդ մասին պատմել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ «Մեծ քսանյակ»-ի շրջանակում ԱՄՆ նախագահին հանդիպելուց հետո:

Ինչպես նշում է The Guardian-ը, Մուն Չժե Ինն ասել է, որ Թրամփն անձամբ է իրեն այս մասին պատմել՝ խնդրելով իր ասածը փոխանցել հյուսիսկորեացի գործընկերոջը:

«Թրամփի ուղերձի միտքը հետևյալն է. նա շատ է հավանում Կիմ Չեն Ընին, բարյացակամ է տրամադրված նրա նկատմամբ ու կկատարի Կիմի ցանկությունները»,-հայտարարել է Հարավային Կորեայի նախագահը:

Հիշեցնենք, որ Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հունիսին: Դրա շրջանակում երկու պետությունների ղեկավարները մի շարք լուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջ, ինչը թույլ է տվել զգալի թուլացնել Կորեական թերակղզու շուրջ ստեղծված լարվածությունը, ցրել նախապատերազմական մթնոլորտը:

«Մենք շատ լավ «լեզու ենք գտնում» ու լավ հարաբերությունների մեջ ենք»,- ավելի վաղ ասել էր Թրամփը՝ հավելելով, որ մտադիր է Կիմ Չեն Ընին Վաշինգտոն հրավիրել:

Օրերս նա հայտարարել էր սպասվող երկրորդ հանդիպման մասին: