Պորոշենկոն հայտարարել է ռուս-ուկրաինական սահմանին սպառազինություն կուտակելու մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի հետ սահմանի պաշտպանությունն ամրապնդելու նպատակով սահմանին զենք կտեղակայի, գրում է РИА Новости գործակալությունը: Նաև նշվել է սահմանամերձ շրջաններում զորավարժությունների անցկացման մասին: Պարզաբանվում է, որ միջոցները ձեռնարկվում են երկրում հայտարարված ռազմական դրության շրջանակում:
Մեկ շաբաթ առաջ Գերագույն ռադան հավանության է արժանացրել Ուկրաինայի 10 մարզերում 30 օրով ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Պորոշենկոյի հրամանագիրը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կերչի նեղուցում ուկրաինական ռազմական ուժերը, ըստ ռուսական կողմի, խախտել էին Ռուսաստանի պետական սահմանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:










