Ֆրանսիացիների ավելի քան 70%-ն աջակցում է վառելիքի գնաճի դեմ շարժմանը. հարցում
Ֆրանսիայում հարցվածների 72 տոկոսը հայտնել է, որ աջակցում է վառելիքի գնաճի և հարկերի բարձրացման դեմ պայքարող «դեղին անթև բաճկոնների» շարժմանը, այդ մասին են վկայում Harris interactive հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սոցիոլոգները նշում են, որ շարժմանն աջակցող բնակչության թիվն առաջվա պես բարձր է՝ «չնայած նրան, որ դեկտեմբերի 1-ին Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում, մասնավորապես Փարիզում, բողոքի զանգվածային ակցիաները նորից բռնության ալիք էին բարձրացրել»:
Հետազոտողների համաձայն՝ հասարակությունը «հասկանում և աջակցում» է շարժմանը, սակայն դեմ է բռնությանը: Հարցվածների 85%-ը դատապարտում է բողոքի ակցիաների ժամանակ անկարգությունները:
Հարցմանը մասնակցել է 18-ը լրացած 1016 քաղաքացի:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:
Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն մտադիր չեն հետ կանգնել իրենց որդեգրած քաղաքականությունից:











