Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործում արթուն մնալու համար, հետո հերքել ասածը

11:03 • 04.12.18

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քննադատության թիրախում է հայտնվել՝ խոստովանելով, որ մարիխուանա է օգտագործում: Սակայն տեսնելով, թե խոստովանությունն ինչ իրարանցում է առաջացրել, Դուտերտեն շտապել է վստահեցնել, որ դա կատակ էր:

Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում ելույթի ընթացքում Դուտերտեն խոստովանել է, որ միջազգային գագաթնաժողովների ու համաժողովների ժամանակ քնի պակասի պատճառով իրեն դժվարությամբ է հաջողվում մասնակցել բոլոր նիստերին և հանդիպումներին:

«Միջազգային երկար հանդիպումները, որոնց ես ստիպված եմ մասնակցել որպես նախագահ, ժամանակ վատնելու վայր են: Այնտեղ ելույթներ ունենալու համար հաճախ գիշերը շատ ուշ եմ քնում, նախապատրաստում եմ տեքստս: Բայց իմ տարիքում դա ինձ համար խնդիր չէ, քանի որ մարիխուանա եմ օգտագործում արթուն մնալու համար»,-հայտարարել է նախագահը, մինչդեռ ներկաները ծիծաղել են:

Ավելի ուշ նա ասել է, որ դա ընդամենը կատակ էր, իսկ ով այն լուրջ է ընդունել, պարզապես «ապուշ» է:

Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ Դուտերտեն խոսում է մարիխուանա օգտագործելու մասին: Վերջերս, երբ լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյոք նախագահը պատրաստվում է երկարաձգել Մինդանաո կղզում պատերազմական դրությունը, նա պատասխանել էր. «Հարկավոր է նախարարների կաբինետի հետ քննարկում անցկացնել, մարիխուանա կծխենք, որպեսզի մեր միտքը պայծառանա»: