7-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող բլոգերը` ըստ Forbes-ի

04:42 • 04.12.18

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարկել է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների ցանկը, որը գլխավորել է 7-ամյա ամերիկացի Ռայանը:

Ռայանն իր ծնողների հետ վարում է Ryan ToysReview ալիքը, որտեղ նրանց հետևորդների թիվն արդեն հասել է 17.3 միլիոնի, իսկ տարվա ընթացքում տեսանյութերը դիտվել են շուրջ 26 միլիարդ անգամ: Իր տեսանյութերում փոքրիկ բլոգերը խաղում է խաղալիքներով և կիսվում տպավորություններով: Պարբերականի տվյալներով՝ YouTube-յան իր ալիքի շնորհիվ Ռայանը 2017 թվականի հունիսի մեկից մինչև 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում 22 միլիոն դոլար է վաստակել:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել 21-ամյա դերասան ու բլոգեր Ջեյք Փոլը, որի հետևորդների թիվը հասել է 17.6 միլիոնի: YouTube-յան իր ալիքի շնորհիվ Ջեյքը նշված ժամանակահատվածում 21.5 միլիոն դոլար է վաստակել:

Ամենաբարձր վարձատրվող բլոգերների առաջատար եռյակը եզրափակել են Dude Perfect ալիքը վարող երիտասարդները: Իրենց տեսանյութերում երիտասարդները բազմաթիվ զվարճալի հնարքներ են ցուցադրում, ինչի շնորհիվ արդեն ունեն 36.9 միլիոն հետևորդ: Այս տեսանյութերի միջոցով նրանք մեկ տարում 20 միլիոն դոլար են վաստակել: