Ճապոնիայում ձմռան սկզբի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
Ճապոնիայի մեծ մասում ձմռան սկզբի համար անսովոր բարձր ջերմաստիճան է գրանցվել, գրում է РИА Новости-ն՝ NHK ճապոնական հեռուստաալիքին հղումով:
Սովորաբար Տոկիոյում դեկտեմբերի առաջին օրերին օդի ջերմաստիճանը +10 աստիճան է լինում: Այժմ մարդիկ քայլում են առանց վերնահագուստի: Կեսօրին ջերմաստիճանը +22-ի է հասել:
Բացի այդ՝ Օիտա հարավային պրեֆեկտուրայում ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև +26,5 աստիճան: Ճապոնիայի նույնիսկ ամենահյուսիսային Հոկայդո կղզում այսօր +16 աստիճան տաքություն է գրանցվել:
Օդերևութաբանները զգուշացնում են ամպրոպների և պտտահողմերի հավանականության մասին:










