ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը Բուենոս Այրեսում քննարկել են Խաշոգջիի սպանության հարցը

11:17 • 04.12.18

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Արգենտինայում կայացած G20 գագաթնաժողովի ժամանակ հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ, այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, գրում է gazeta.ru-ն:

Հայտնի է, որ արքայազնն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի՝ Ստամբուլում իրականացված սպանությունը:

«Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Խաշոգջիի գործի հանգամանքներում անհրաժեշտ է թափանցիկություն ու պարզություն: Բացի այդ, անհրաժեշտ է, որ պատասխանատվություն կրեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են դրանում», - ասել է Հաքը:

Նշենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը եկել է այն եզրահանգմանը, որ Սաուդյան Արաբիայի կառավարության հայտնի ընդդիմախոսի սպանության պատվիրատուն հենց Մուհամեդ բին Սալմանն է:

Ավելի վաղ հեղինակավոր New York Times պարբերականը հրապարակել էր Խաշոգջիի սկանդալային սպանության վերաբերյալ արված լրագրողական հետաքննության արդյունքները, համաձայն որոնց սպանությունն իրագործել է թագաժառանգի մերձավորներից մի քանիսի ղեկավարած խումբը:

Հայտնի է, որ լրագրողը հոկտեմբերի 2-ին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան ու այլևս այնտեղից դուրս չի եկել: Ավելի ուշ հայտնաբերված ապացույցների համաձայն՝ Խաշոգջիին սպանել են, հետո մասնատել: Նրա դին առ այսօր չի հայտնաբերվել: