Ֆրանսիան «դեղին անթև բաճկոններին» հանդարտեցնելու նպատակով կհետաձգի բենզինի թանկացումը

13:57 • 04.12.18

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը «դեղին անթև բաճկոնների»` նոյեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաներին, փողոցային անկարգություններին վերջ տալու նպատակով կհայտարարի վառելիքի ծրագրված թանկացումը մի քանի ամսով հետաձգելու մասին:

Ինչպես գրում է The Washington Post-ը, Ֆրանսիայի իշխանություններն այլընտրանք չունեն, քանի որ բողոքի ակցիաներն արդեն արմատական բնույթ են ստացել:

Le Monde թերթի և France Info ռադիոյի փոխանցմամբ՝ վարչապետը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա դեկտեմբերի 4-ի երեկոյան:

Հատկանշական է, որ երեք շաբաթ առաջ, երբ բողոքի ակցիաները դեռ նոր էին սկսվել, վարչապետն ու նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում էին վառելիքի գների բարձրացման որոշման անբեկանելի լինելու մասին:

Այնուհանդերձ՝ չի ակնկալվում, որ վարչապետի հայտարարությունը վերջ կտա բողոքի ակցիաներին, ճանապարհների արգելափակմանը:

«Սա դեռ առաջին քայլն է, մենք չենք բավարարվի այս փշրանքով»,-ասել է ակցիաների առաջնորդներից մեկը՝ մեկնաբանելով Ֆիլիպի սպասվելիք հայտարարությունը:

Հայտնի է, որ բենզինի թանկացման դեմ բողոքող տասնյակ հազարավոր ֆրանսիացիների ու ոստիկանների բախման հետևանքով անցած հանգստյան օրերին տուժել է ավելի քան 100 մարդ, հրկիզվել են բազմաթիվ մեքենաներ ու շինություններ:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:

Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն մտադիր չեն հետ կանգնել իրենց որդեգրած քաղաքականությունից:

Ակնկալվում էր, որ հունվարի մեկից Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի գինը կավելանար 2,9, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 եվրոցենտով: Մինչդեռ այս տարվա ընթացքում բենզինի գինն արդեն ավելացել է 15, իսկ դիզելայինինը՝ 23%-ով: