Թերեզա Մեյը G20-ի երկրների առաջնորդներից մի քանիսի հետ քննարկել է Կերչի նեղուցի միջադեպը

01:24 • 04.12.18

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Արգենտինայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում մի շարք երկրների ղեկավարների հետ քննարկել է նաև Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի միջև տեղի ունեցած միջադեպը, գրում է «РИА Новости»-ն: 

Մեյը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան դատապարտում է ռուսական ագրեսիան և կոչ է անում Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին ու Ուկրաինային վերադարձնել նրա ռազմածովային ուժերին պատկանող 3 նավը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը, սակայն, չի մանրամասնել, թե որ երկրների առաջնորդների հետ է քննարկել այս թեման:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:

Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: