Ուկրաինայի օմբուդսմենն ուշաթափվել է Պորոշենկոյի ելույթի ժամանակ (տեսանյութ)
Ուկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների գծով լիազոր Լյուդմիլա Դենիսովան ուշաթափվել է ICTV հեռուստաալիքի եթերում, երբ նախագահ Պյոտր Պորոշենկոն ելույթ էր ունենում Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին:
Այն պահին, երբ նախագահը խոսել է միջադեպին միջազգային արձագանքի մասին, Դենիսովան հանկարծակի ուշաթափվել է, և Պորոշենկոն ստիպված է եղել ընդհատել ելույթն ու մոտենալ օմբուդսմենին՝ նրան օգնելու:
«Մենք տեսանք աշխարհի վայրկենական արձագանքը», - ելույթի ընթացքում ասել է Պորոշենկոն ու հենց այդ պահին նկատել է, որ Դենիսովան ընկնում է հենց ստուդիայում, որտեղ ընթանում է եթերը:
Դենիսովայի կողքին գտնվող մյուս հյուրերը շտապել են օգնել ուշաթափված օմբուդսմենին ու ոտքի են բարձրացրել նրան, իսկ Պորոշենկոն ուղեկցել է նրան ստուդիայից դուրս: Վերադառնալով եթեր՝ նախագահը հայտնել է, որ Դենիսովան գերհոգնած է և ռուսական ռազմածովային ուժերի կողմից ձերբակալված ուկրաինացի նավաստիներին վերադարձնելու համար մեծ ջանքեր է գործադրում՝ օրական աշխատելով շուրջ 20 ժամ:
Պորոշենկոն օմբուդսմենի աշխատանքը «ծանր խաչ» է անվանել և խնդրել աջակցել նրան ծափահարություններով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:
Միջադեպից հետո Ուկրաինայում 30 օրով սահմանվել է ռազմական դրություն:










