Ամերիկացին տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է պատժել դստերը՝ դասընկերներին ծաղրելու համար

21:58 • 09.12.18

ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչ Մեթ Քոքսը սոցցանցում ներկայացրել է երեխաների դաստիարակման իր մեթոդներից մեկը:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, ամերիկացին տեսանյութ է հրապարակել՝ «Կյանքի դասեր» խորագրով, որը մի քանի օրում 18 մլն դիտում է ունեցել:

Տղամարդն ստիպել է իր 10-ամյա աղջկան դպրոց հասնելու համար շուրջ 8 կմ տարածությունն անցնել քայլելով՝ +2 աստիճանի պայմաններում՝ ըստ Ցելսիուսի: Այս պատժին աղջիկն արժանացել է դպրոցական ավտոբուսում մեկ այլ աշակերտի ծաղրեու համար: Այդ ողջ ընթացքում հայրը մեքենայով գնացել է դստեր հետևից՝ միևնույն ժամանակ մեկնաբանելով իր գործողությունները:

Հոր խոսքով՝ իր դստերն այս ուսումնական տարվա ընթացքում երկրորդ անգամ դուրս են հանել դպրոցական ավտոբուսից մյուս աշակերտներին ծաղրելու համար: «Ծաղրանքներն իմ տանը ընդունված չեն»,- շեշտել է ամերիկացին:

Նրա խոսքով՝ չպետք է անտեսել երեխաների նման պահվածքը միայն այն պատճառով, որ նրանք երեխա են: Մեթը հույս ունի, որ մյուս երեխաները կտեսնեն այս հոլավակը և կսովորեն ուրիշի սխալների վրա:

Համացանցի օգտատերերի մի մասը դրական են արձագանքել նրա դաստիարակչական մեթոդին, մյուս մասը նրան մեղադրել է ավելորդ խստության մեջ: