«Մեր ժողովրդին հանգիստ թողեք». Ֆրանսիան Թրամփին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին

17:58 • 09.12.18

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չմիջամտել երկրի ներքին քաղաքականությանը, հայտնում է France24-ը:

«Մենք չենք միջամտում ԱՄՆ ներքին քաղաքականությանն ու ցանկանում ենք, որ դա փոխադարձ լինի»,-ասել է Լը Դրիանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի՝ Ֆրանսիայում կայացած բողոքի ակցիաների վերաբերյալ թվիթերյան գրառումներին:

«Ասում եմ Դոնալդ Թրամփին ու նույնն էլ ասում է Ֆրանսիայի նախագահը՝ մեր ժողովրդին հանգիստ թողեք»,-ասել է ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ Թրամփը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել էր նախօրեին Փարիզում «դեղին անթև բաճկոնների» կազմակերպած զանգվածային բողոքի ակցիային, որի ընթացքում բախումներ են եղել իրավապահների հետ, իրականացվել են ձերբակալություններ:

«Շատ տխուր օր և գիշեր էր Փարիզում: Միգուցե արդեն այդ ծիծաղելի ու չափազանց թանկ փարիզյան համաձայնագրին վերջ տալու և գումարը հարկերի նվազեցման ձևով ժողովրդին վերադարձնելու ժամանա՞կն է»,- գրել է Թրամփը՝ նկատի ունենալով 2015թ. Փարիզում կնքված Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ համաձայնագիրը, որը ստորագրած 96 պետություններ պարտավորվել են կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ, գլոբալ միջին ջերմաստիճանային աճը պահել «շատ ցածր»՝ 2 °C և ջանքեր ներդնել, որպեսզի այս ցուցանիշը հասնի 1,5°C-ի: Հայտնի է, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Թրամփն ԱՄՆ-ն դուրս է բերել համաձայնագրից:

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Ֆրանսիայում բենզինի թանկացման դեմ անցկացվող զանգվածային ցույցերն ապացուցում են, որ ԱՄՆ-ն ճիշտ էր, երբ դուրս եկավ Կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան համաձայնագրից:

«Փարիզյան համաձայնագիրն այնքան էլ լավ չի գործում Փարիզի համար: Բողոքի ցույցեր և անկարգություններ ամբողջ Ֆրանսիայով: Մարդիկ չեն ցանկանում ավելի մեծ գումարներ վճարել հիմնականում երրորդ աշխարհի երկրներին՝ պահպանելու համար շրջակա միջավայրը»,- գրել է ԱՄՆ ղեկավարը: