Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանը բողոքարկել է կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումը
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ սպասելիքներ միշտ կան: «Մենք համոզված ենք առավել քան, որ առաջին ատյանի դատարանը որոշումը ոչ միայն օրինական չէ, այլ նաև հիմնավորված չի որևէ ձև: Առաջին ատյանի դատարանն ապօրինի որոշում է կայացրել. հույս ունենք, որ Վերաքննիչ դատարանը գնահատական կտա մեր բարձրացրած հարցերին»,- ասաց նա և նշեց, որ դատական ատյանները խուսափում են իրենց բարձրացրած հարցերին իրավական գնահատական տալուց:
Ամեն դեպքում, Արմեն Հարությունյանը նշեց, որ չի ցանկանում հայտարարություն անել, թե քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենում, և ոչ էլ Վաչագան Ղազարյանն է նման հայտարարություն արել: «Պարզապես մենք միգուցե գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ դատարանի հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:










