Լուկաշենկոյին չի հաջողվել Պուտինի հետ հանդիպմանը հասնել ռուսական գազի գնի վերանայմանը. Deutsche Welle
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի հաջողվել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը հասնել 2019 թվականին կապույտ վառելիքի մատակարարումների արժեքի վերանայմանը, այս մասին գրում է dw.com-ը՝ ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին հղումով:
Դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպումից առաջ Լուկաշենկոն հայտարարել էր, որ գազի գնի շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2019 թվականը: Թե կոնկրետ երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը՝ դեռ հայտնի չէ: Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտի խոսքով՝ այն պետք է լրացուցիչ համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների ժամանակացույցը:
Հոկտեմբերին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանը 2018-ի նոյեմբերից մինչև 2019 թվականի ավարտը Բելառուս չի մատակարարի բենզին, դիզելային վառելիք և մազութ: Նա դա բացատրել էր ավելի վաղ ստորագրած համապատասխան փաստաթղթի պայմաններով, որը սահմանում է նավթամթերքի մատակարարման ծավալները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանի և Բելառուսի նախագահների՝ կարճատև ընդմիջումներով և ձևաչափերի փոփոխությամբ Կրեմլում անցկացված հանդիպումը տևել է մոտ 4 ժամ:
Դիտորդների կարծիքով՝ բանակցությունների առավել սուր թեմաներից է եղել Մինսկի եկամուտների կորստի փոխհատուցումը՝ Մոսկվայի կողմից իրականացվող հարկային մանևրի պատճառով: Ռուսական կողմին էլ անհանգստացնում են Բելառուսի կողմից դաշնակից պետության մաքսային ռեժիմի պարբերական խախտումները:










