Մեծ Բրիտանիայի թագուհին իրեն «զբաղված տատիկ» է անվանել
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը հանդես է եկել ժողովրդին ուղղված սուրբծննդյան տեսաուղերձով, որում խոստովանել է, որ 2018 թվականն իր ընտանիքի համար լի էր իրադարձություններով, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Միապետը, մասնավորապես, անդրադարձել է իր թոռան՝ արքայազն Հարիի և դերասանուհի Մեգան Մարքլի ամուսնությանը: «Եթե խոսենք տան մասին, ապա սա շատ հագեցած տարի էր իմ ընտանիքի համար. երկու հարսանիք, երկու երեխայի ծնունդ և ևս մեկինն էլ սպասվում է», - նշել է թագուհին:
Էլիզաբեթ Երկրորդը նաև ընդգծել է, որ այդ ամենի շնորհիվ «տատիկը զբաղմունք է ունեցել»: Նա նաև նշել է, թե որքան կարևոր է սիրելի մարդկանց շրջապատում գտնվելը, և խոստովանել է, որ իր համար անձնական հարմարավետության ու աջակցության աղբյուր են հավատը, ընտանիքն ու ընկերությունը:










