Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Պարզվում է, որ մեր քննչական մարմինները շատ խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս երբեք նիստերին չեն մասնակցում»,- ասաց նա՝ նշելով, որ քննիչը նշել է, որ քանի որ աշխատանքային ժամը վերջացած է, ինքը պետք է գնա:
«Դատարանը հետաձգեց նիստը մինչև ամսի 9-ը առավոտյան: Չքննարկվեց ընդհանրապես միջնորդության հարցը, մոռացան, որ ըստ քրեական օրենսգրքի՝ միջնորդությունները քննվում են անհապաղ, կալանքի գործերը քննվում են գիշերները,- ասաց նա՝ նշելով, որ քննիչը արհեստականորեն է ձգձգել նիստը՝ բարձրացնելով դատավորին ինքնաբացարկի հարցը, սակայն դա էլ չի քննարկվել ,- ամեն դեպքում նիստը կշարունակվի հունվարի 9-ին: Կարծում եմ՝ ինքնաբացարկի որոշումից հետո կքննարկվի նաև կալանքի միջնորդությունը»:
Նրա դիտարկմամբ՝ իմաստ էլ չկար այսօր նիստը ժամը 5-ին նշանակել, եթե ժամը վեցից հետո այն չէր լինի:










