Գազավորված քաղցր ըմպելիքի օգտագործումը կարող է երիկամների լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ. գիտնականներ
Մեծ քանակությամբ գազավորված քաղցր ըմպելիքի օգտագործումը հանգեցնում է ոչ միայն ճարպակալման զարգացման, այլև կարող է երիկամների լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:
Clinical Journal of the American Society of Nephrology-ի հրապարակած անդրադարձում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ մինչ օրս շատ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես են մարդու առողջության վրա ազդում ոչ ալկոհոլային մի շարք խմիչքներ:
«Օրինակ՝ մենք գրեթե չունեինք տվյալներ այն մասին, թե դրանց որ տեսակներն են առավել նպաստում երիկամների հիվանդությունների զարգացմանը, մենք լրացրինք այդ բացը», - ասել է ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականներից Քեյսի Ռեբհոլցը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ երկրագնդի ամեն երրորդ բնակիչ տառապում է ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից, մոլորակի բնակիչների 15 տոկոսի մոտ էլ ախտորոշված են ճարպակալման բավականին ծանր դրսևորումներ:
Աշխարհում գոյություն ունեցող հիվանդությունների շուրջ 47 տոկոսը, օրինակ՝ գլխուղեղի կամ սրտի կաթվածը, դիաբետը կամ քաղցկեղը, կապված են նյութափոխանակության խնդիրների հետ:
Բժիշկները կարծում են, որ ճարպակալման տարածումը շաքարի ու քաղցրահամ գազավորված խմիչքների տարածման արդյունք է, որը հատկապես կտրուկ աճ է գրանցել վերջին 20 տարում:










