Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը (տեսանյութ)

16:57 • 28.12.18

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով, նոյեմբերի 15-ի Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել, որով բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:
Նոր քննությամբ՝ վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատարանի` Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ, ինչով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին կալանավորվեց:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման վերաբերյալ վերաքննիչ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան:

3 ամսվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունում է, թե ոչ: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով, նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: