Սիրիական բանակը մտել է Մանբիջ. «ՌԻԱ Նովոստի»

14:16 • 28.12.18

Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը, փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԶՈւ ԳՇ-ից հայտնել են, որ, արձագանքելով Մանբիջի բնակչության կոչին, սիրիական բանակը մտել է Մանբիջ ու այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Հայտարարության մեջ նշվում է, որ սիրիացիները պետք է կրկնապատկեն ջանքերը երկրի ինքնիշխանության պահպանման համար:

ԳՇ-ից հիշեցրել են, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են վճռական մնալ ահաբեկիչների ու զավթիչների դեմ պայքարում:

«Սիրիայի ԶՈւ-ն երաշխավորում է Սիրիայի բոլոր քաղաքացիների ու տվյալ տարածքում գտնվող բոլորի անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն շուտով լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ: Այդ տարածքներում գտնվող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումն այդ ժամանակ կոչ էր արել Բաշար ալ Ասադի ռեժիմին աջակցել իրենց թուրքական ԶՈւ-ի դեմ դիմակայության գործողություններում:

Թուրքիայի հնարավոր հարձակումից առաջ քրդերի դաշնակից ԱՄՆ-ի՝ Սիրիայի տարածքից զորքի հետ քաշվելը քրդական ջոկատների հրամանատարությունն անվանել էր  «հարված թիկունքից»:

Դեռևս անցյալ տարի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ «դավաճան» է անվանել Սիրիայի հյուսիսում կռվող զինված քրդական ջոկատներին՝ շեշտելով, որ նրանք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից: