Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Արցախի խնդրին անդրադարձ չի արվել, ՀԱՊԿ-ի վերաբերյալ եղել է կարճ քննարկում, իսկ գազի հարցով դեռ որոշում չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

01:26 • 28.12.18

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստան։ Նա ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը վերաբերել է երկու երկրների հետագա հարաբերությունների զարգացմանը։

«Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Հիմնականում հենց այդ ռազմավարության շուրջ եղան մեր քննարկումները և կարող եմ արձանագրել, որ այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը, բայց ընդհանուր հաշվով այս քննարկումը մինչ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր, ըստ էության՝ ամփոփեցինք այդ ութ ամիսները և քննարկեցինք, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանա երկու երկրների իշխանության մարմինների համագործակցությունը։ Պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը դրական էր»,-ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց,որ ստացվել է այնպես,որ ՌԴ նախագահի հետ իրենց հանդիպումները բավականին հաճախ են տեղի ունենում և դա խոսում է իրենց հարաբերությունների առանձնահատկությունների մասին։

Փաշինյանը նաև նշեց, որ չեն հասցրել օրակարգի բոլոր հարցերը քննարկել, ինչպես միշտ լինում է։

Անդրադառնալով հարցերին՝ Փաշինյանն ասաց, որ այս հանդիպմանն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել. «Այդ հարցի մասին որևէ քննարկում չի եղել, ՀԱՊԿ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղել է կարճ քննարկում և մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը չի նախատեսում։ Հետագայի համար նախատեսենք կոնկրետ իրավիճակներ, որոնք չկանոնադրվածության պատճառով տեղի չունենան։ Ես նախկինում ասել եմ՝ խոսակցություն է գնացել կազմակերպության դաշնակցային էության վերաբերյալ։ Գազի թեմայի հետ կապված որոշում չկա և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է երկու երկրի համար։ Ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»։

Առավել մանրամասն տեսանյութում։