ԱՄՆ-ում «նախկին Սանտա Կլաուսի» կորած երեխաների դիերը հայտնաբերվել են նրա իսկ տան բակում

16:55 • 28.12.18

ԱՄՆ Ջորջիա նահանգում «նախկին Սանտա Կլաուսը» ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտնաբերել է նրա երկու երեխաների դիերն իրենց տան այգում: Այս մասին հայտնում է USA Today-ը:

49-ամյա Էլվին Քրոքերը, որը որպես Սանտա Կլաուս է աշխատել տեղի սուպերմարկետներից մեկում, այժմ մեղադրվում է մահվան փաստը թաքցնելու և անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

Մահացած երեխաների՝ 14-ամյա Մերի Քրոքերի ու 16-ամյա Էլվին Քրոքեր կրտսերի մահվան մասին պաշտոնապես ոչ ոք չէր հայտնում երկար ժամանակ. աղջիկը դադարել էր դպրոց հաճախել հոկտեմբեր ամսից, իսկ տղայից լուր չկար դեռևս 2016-ի նոյեմբերից:

Երեխաների անհետացման մասին ահազանգի հիման վրա կատարված որոնողական աշխատանքների արդյունքում քրոջ և եղբոր մարմինները հայտնաբերվել են տան բակում: Երեխաների մահվան պատճառը դեռևս անհայտ է:

Հարուցված գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեխաների խորթ մորն ու խորթ տատին: