«Նրանք վերցնում են մեր փողերը, բայց ԱՄՆ-ի համար ոչինչ չեն անում». Թրամփը սպառնացել է լատինամերիկյան երեք երկրի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ֆինանսական աջակցության դադարեցմամբ է սպառնացել լատինամերիկյան երեք երկրի: Այդ մասին ԱՄՆ առաջնորդն ուրբաթ գրել է Twitter-ի իր էջում:
Ըստ Թրամփի՝ խոսքը Հոնդուրասի, Գվատեմալայի ու Սալվադորի մասին է: Պատճառներից մեկն այդ երկրներից ԱՄՆ շարժվող ներգաղթյալներն են:
«Հոնդուրասը, Գվատեմալան և Սալվադորը ոչինչ չեն անում Միացյալ Նահանգների համար, սակայն վերցնում են մեր փողերը: Այժմ Հոնդուրասում (ներգաղթյալների-Tert.am) նոր քարավան է ձևավորվում, և նրանք ոչինչ չեն անում»,- գրել է Թրամփը:
Նշենք, որ ապօրինի ներգաղթյալների դեմն առնելու համար Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից է: Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո նա երկու հրաման էր ստորագրել՝ պետական սահմանի պաշտպանության և ներգաղթի վերաբերյալ: Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ նախագահը պատի խոշոր հատվածների կառուցման հրաման է տվել:
Բացի այդ՝ Թրամփը հայտարարել էր, որ մեքսիկական կողմն իր վրա կվերցնի կառուցման ծախսերը, ինչին ի պատասխան Մեքսիկայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նման բան տեղի չի ունենա:
Հիշեցնենք, որ նախագահը պատի կառուցման համար ավելի քան 5 մլրդ դոլար է նախատեսում, մինչդեռ դեմոկրատները համաձայն են միայն 1,3 միլիարդին:










