Կահիրեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Գիզա շրջանում վիետնամցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Մահացածներից երեքը վիետնամցի զբոսաշրջիկ են, մեկը`էքսկուրսավարն է` Եգիպտոսի քաղաքացի: 11 զբոսաշրջիկներն ու ավտոբուսի վարորդը տարբեր վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին, 18:15-ին (երևանյան` 20:15-ին) Կահիրեի Էլ Գիզա շրջանի փողոցներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել, որը տեղադրված է եղել պատի մոտ: Պայթյունը որոտացել է, երբ այդ տեղով անցնելիս է եղել վիետնամցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը:










