Ֆրանսիայում այսօր սպասվում է «դեղին բաճկոնների» շարժման յոթերորդ բողոքի ակցիան. ոստիկանությունը խիստ միջոցներ կձեռնարկի
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է «դեղին բաճկոնների» շարժման յոթերորդ բողոքի ակցիային: Իրավապահները, թեև, հաշվի են առել նախորդ ակցիաների ժամանակ թույլ տրված բացթողումները, սակայն մտահոգված են միջադեպերի անկանխատեսելի հետևանքներով, որոնք կարող են լինել ագրեսիվ ցուցարարների հետ հնարավոր բախումների ժամանակ: Այդ մասին հաղորդում է Le Figaro թերթը:
«Յուրաքանչյուր շաբաթ առճակատումն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում: Հիմնական մտավախությունն այն է, որ ոստիկանները ստիպված պետք է լինեն կրկին զենք վերցնել, ինչպես նախորդ շաբաթ` իրենց վրա հարձակվող ցուցարաներին վախեցնելու համար»,- ասել է Ֆրանսիայի ՆԳՆ-ի ներկայացուցիչը:
Աղբյուրի փոխանցմամբ` շաբաթ առավոտից իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգումներ կիրականացնեն Փարիզի երկաթուղային կայարաններում, քաղաք մուտք գործող ավտոմեքենաներում` վտանգավոր իրեր հայտնաբերելու նպատակով:
Ոստիկանության ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներ դուրս կբերի արագ արձագանքման ջոկատներ` հնարավոր անկարգությունները կանխելու նպատակով: Դեռևս հստակ չի հաղորդվում, թե քանի ոստիկան է ներգրավված լինելու այսօր սպասվող բողոքի ակցիաների ընթացքում հասարակական կարգի պահպանման աշխատանքներին:










