Ինդոնեզիայի ափերին հարվածած ավերիչ ցունամիի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 431-ը
Ինդոնեզիայի Ճավա և Սումատրա կղզիներին հարվածած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 431-ի, ավելի քան 7200 մարդ վնասվածքներ է ստացել:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին Twitter-ում հայտնել է Տարերային աղետների կանխման հարցերով ազգային գործակալության ներկայացուցիչը: Վերջինս հավելել է, որ աղետի հետևանքով ավելի քան 46 000 մարդ ստիպված է եղել հեռանալ իրենց տներից, շուրջ 1500 բնակելի կառույց ամբողջովին ավերվել է: Ամենից շատ զոհեր գրանցվել են Ճավա կղզու Փանդեգլանգ և Սերանգ շրջաններում, ինչպես նաև Սումատրա կղզու Լամպունգ նահանգում:
Ավելի վաղ հաղորդվում էր 426 զոհի և մոտ 2000 վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ կործանիչ ցունամին տեղի է ունեցել Զոնդյան նեղուցի ափերին դեկտեմբերի 22-ին: Տեղի իշխանությունների կարծիքով՝ ցունամիի պատճառը Անակ Կրակատաու հրաբխի ակտիվությունն է, որի հզորությունը հավասարազոր է 5.3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի:










