Կիպրոսի ափերի մոտ նավթատար լցանավ է այրվել

18:33 • 29.12.18

Կիպրոսի ափերի մոտ այրվել է մալթայական ATHLOS նավթատար լցանավը, անձնակազմից 5 մարդ վիրավորվել է, հաղորդում է РИА Новости-ն:

Լցանավը ծով է դուրս եկել դեկտեմբերի 29-ի առավոտյան՝ ուղևորվելով դեպի Հունաստանի Ասպրոպիրգոս նավահանգիստ: Անձնակազմը բաղկացած է եղել 17 հոգուց, որոնցից 7-ը հույն են, 9-ը՝ հնդիկ և մեկը՝ վրացի:

Հայտնի է, որ տախտակամածին վտանգավոր բեռ չի եղել. այն բեռնաթափվել է Կիպրոսի Լարնակի նավահանգստում:

Անձնակազմի անդամներին փրկելու, հրդեհը մարելու և նավթի՝ դեպի ծով հնարավոր արտահոսքը կանխելու նպատակով դեպքի վայր են ժամանաել առափնյա հսկողության նավերը և հրշեջների թիմ:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Կրակը լիովին հսկողության տակ է: