Ամերիկացիների մեծ մասը կողմ է Թրամփին կասեցնելու նպատակով նրա դեմ գործողություններ ձեռնարկելուն. The Hill

17:23 • 29.12.18

Հարցված ամերիկացիների մոտ 60%-ը հայտարարել է, որ ԱՄՆ կոնգրեսը պետք է նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնի ու աշխատանքից ազատի կամ վերջինիս պաշտոնական պատժի ենթարկի, գրում է The Hill-ը՝ Harvard CAPS/Harris-ի անցկացրած հարցմանը հղումով:

Հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ, ամերիկացիների կարծիքով, Թրամփի դեմ պետք է գործողություններ ձեռնարկվեն, սակայն հնարավոր պատժի աստիճանի առումով տարակարծություններ կան:

Հարցվածների 39%-ը նախագահին անվստահություն հայտնելուն կողմ է արտահայտվել: Անվստահություն հայտնելու գործընթացի սկսելու համար հարկավոր կլինի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի մեծամասնության ձայնը, որտեղ հունվարից դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն կկազմեն:

Թրամփի վտարման գործընթացը հաջողությամբ ավարտելու համար հարկավոր կլինի սենատի ձայների երկու երրորդը, ինչը, ըստ թերթի, քիչ հավանական սցենար է՝ հաշվի առնելով այն փաստը, որ 100 սենատորներից 53-ը հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են:

Հարցվածների 20%-ը կարծում է, որ ԱՄՆ օրենսդիրները պետք է քվեարկեն նախագահին դատապարտելու համար, իսկ 41% -ը նշել է, որ կոնգրեսը չպետք է որևէ քայլ ձեռնարկի երկրի առաջնորդի դեմ: