Հարավաֆրիկացի վարորդները կանգնել են մայրուղու կեսին՝ թալանելու գարեջրով ու սիդրով բեռնված վթարված բեռնատարը
Հարավային Աֆրիկայի մայրուղիներից մեկում արտակարգ դեպք է պատահել. բեռնատարից գարեջրի և սիդրի հազարավոր շշեր են թափվել գետնին, ինչն անտարբեր չի թողել վարորդներին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, մայրուղով երթևեկող վարորդները դուրս են եկել իրենց մեքենաներից և միկրոավտոբուսներից՝ թալանելու վթարված բեռնատարը: Վտանգելով իրենց կյանքը՝ վարորդների մեծամասնությունն անմիջապես դուրս է վազել մեքենաներից:
Միջադեպը տեղի է ունեցել Յոհաննեսբուրգի մոտակայքում գտնվող Մարաիսբուրգում: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգելից ըմպելիքը հոսում փողոցով մեկ, թեև կային նաև չկոտրված շշեր, որոնք պետք էր «փրկել»:
Երթուղային միկրոբուսներից մեկը կանգնել է նույնիսկ մայրուղու մյուս կողմում, որտեղից ուղևորները վազելով մոտեցել են մյուս գարեջրասերների խմբին՝ վերցնելու իրենց «հասանելիք» շշերը:










