Սերբիայում շարունակվում են ցույցերը երկրի նախագահի դեմ

12:43 • 30.12.18

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում են լայնածավալ բողոքի ակցիաները երկրի նախագահի դեմ: Ինչպես գրում է Reuters-ը, ցուցարարները նախօրեին անցել են մայրաքաղաքի կենտրոնով ու վանկարկել՝ «Վուչիչ, գող»:

Հայտնի է, որ սա արդեն չորրորդ բողոքի ցույցն է նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ:

Հակաիշխանական տրամադրությունների ակտիվացման պատճառ էր դարձել ընդդիմադիր գործիչ Բորկո Ստեֆանովիչի դեմ հարձակումը նոյեմբերի վերջին: Ընդդիմությունը պնդում է, որ վերջինիս ծեծը արդյունք էր նախագահի այն ելույթի, որում նա քննադատել էր ընդդիմադիր գործչին՝ թիրախավորելով նրան:

Բացի դրանից, ընդդիմությունը պնդում է, որ երկրի ղեկավարը վերահսկում է Սերբիայի գլխավոր լրատվամիջոցները, իսկ նրա կուսակցության ներսում տիրում է կոռուպցիան:

Վուչիչը հերքել է իրեն ուղղված մեղադրանքներն ու պատրաստակամություն հայտնել քննարկել ընդդիմության որոշ պահանջներ: