Ձմեռ պապի հետ լուսանկարվելն անվճար է, եթե լուսանկարումն իրականացնում է քաղաքացին. քաղաքապետարան

12:17 • 31.12.18

Ձմեռ պապերի ամենամյա ստուգատեսին մասնակցելու համար այս տարի Երևանի քաղաքապետարան է դիմել 51 քաղաքացի, լսումների արդյունքում ընտրվել են 21-ը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 

«Չափանիշները հետևյալն են՝ գրավիչ  ու գեղեցիկ հանդերձանք, դերասանական ընդհանուր ունակություններ, հանելուկների, հետաքրքիր ու մանուկներին գրավող պատմությունների գեղարվեստական ներկայացման հմտություններ: Լսումներին պարտադիր մասնակցում են աշխատակազմի մշակույթի, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վարչությունների ներկայացուցիչները: Այնուհետև ստուգատեսում հավանության արժանացած մասնակիցներն աշխատակազմի մշակույթի, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վարչությունից ստանում են արտոնագիր՝ վերը նշված երկու վարչությունների պետերի ստորագրությամբ»,- նշված է պատասխանում:

Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ գործունեություն ծավալելու ողջ ժամանակահատվածում արտոնագիրը՝ վերահսկողություն իրականացնելու նպատակով, անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պետք է գտնվի տվյալ անձի մոտ: «Ձմեռ պապերի տեղորոշումը և սահմանված չափանիշների վերահսկողությունն իրականացնում է աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը: Ձմեռ պապի հետ լուսանկարվելն անվճար է, եթե լուսանկարումն իրականացնում է քաղաքացին՝սեփական տեխնիկական միջոցներով, իսկ այլ լուսանկարիչ ներգրավելու դեպքում վճարման ենթակա գումարի չափը կարող է որոշվել քաղաքացու և լուսանկարչի փոխադարձ համաձայնությամբ»:

Ի դեպ, նշվում է նաև, որ Ձմեռ պապերն իրավունք չունեն քաղաքացուց գումար պահանջել, սակայն ցանկության դեպքում քաղաքացին կարող է տրամադրել: