Չնայած ջանքերին` աղքատության վերջը չի երևում, ամանորին Գյումրու անապահով ընտանիքներում որևէ պատրաստվածություն չկա. Վահան Թումասյան

15:04 • 01.01.19

«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը երեք ամիս վառելափայտ բաժանելու ծրագրով շրջել է Գյումրիում, ամանորյա տոներից մեկ շաբաթ էլ առաջ փոքրիկ ծրագրով ևս մեկ անգամ այցելել ծայրահեղ աղքատ ընտանիքների` հասկանալու, թե ինչպես են  ամանորին պատրաստվել և պարզել`ըստ էության սեփական հնարավորություններով տոներին որևէ պատրաստվածություն չկա: «Ցավում եմ, որ աղքատությունը այս հսկա ջանքերին, որ անում ենք, ու վերջը չի երևում,  և եթե ընդլայնենք նաև գյուղական համայնքները` տեսնում ենք, որ գյուղերում հատկապես բազմազավակ ընտանիքներ կան,  երեխաներ, որոնք ծայրահեղ աղքատությունից այն կողմ են գտնվում, առանց հագուստների, թերսնված և առանց որևէ ապրելու հնարավորությունների»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Թումասյանի` հովանավորների շնորհիվ ամենածայրահեղ սոցիալապես անապահով ընտանիքներից մոտավորապես 350-400  ընտանիքի ամանորի սեղանի որոշակի սննդամթերք է բաժանվել, նվերներ, հագուստներ: «Էլ չեմ խոսում վառելափայտի մասին, որ այս տարի աննխադեպ էր  և մոտ 1000 ընտանիքի մեկ ամսվա համար փայտ ենք բաժանել, և հիմա էլ ամենամեծ մեքենաներով ներկրել ենք վառելափայտի նոր չափաբաժին, որը փոխանցել ենք մինչև դեկտեմբերի 31-ը, որ որևէ ընտանիք գոնե Գյումրիում պաղ վառարանի մոտ ամանորը չդիմավորի»,-ասաց նա:

Շիրակ կենտրոնի նախագահը նշեց, որ այս տարի աննախադեպ հովանավորների հոսք է եղել, որին նպաստել է իրենց կողմից ակտիվ քարզչությունը: «Մենք որևէ ձևով չենք դադարեցրել մեր քարզչությունը, նույնիսկ ապրիլյան հեղափոխության ժամանակ, հանրայնացրեցինք  օգնության գործընթացը և նախորդ տարվա համենատ նոր հովանավորներ ենք գտնում: Բայց, իհարկե, այս ամենը ելք չի, իրենց սոցիալական վիճակի մեջ որևէ տեղաշարժ չի նկատվել, եթե չասեմ հակառակը` թաղվել են պարտքերի տակ, անորոշության մեջ են, տնակները ավելի ու ավելի են մաշվում,  տարեցները ավելի են ծերացել»,-ասաց նա:

Վահան Թումասյանը նշեց, որ դեկտեմբերի 31-ի գիշերը, ինչպես նախորդ մի քանի տարիներին, այս տարի ևս շուրջ 70-80 միայնակ ծերերի հետ տոնել են Շիրակ կենտրոնում` ամենաճոխ սեղանների շուրջ:  

«Հրավիրատոմսերը բաժանելու ժամանակ մեկ տարվա մեջ անպիսի փոփոխություններ եմ տեսնում այդ ծերերի մեջ, կարծես թե ծերությունն արագացել է։ Ցավոք, նախորդ տարվա մասնակիցներից առնվազն չորսը մահացել են: Սկսած տեղական, ավարտած հանրապետական իշխանություններից` այս պահին չեն գիտակցում խնդիրը: Հուսամ, որ մեր ջանքերի շնորհիվ կհուշենք, կպարտադրենք, որ իրենք, այնումենայնիվ, աչքերը բացեն և տեսնեն խնդիրը, որը առաջնային է։ Մարզերում, գյուղերում սոսկալի վիճակ է, որի դեմն օր առաջ պետք է իշխանություններն առնեն»,-ասաց նա:

Վահան Թումասյանը մաղթանքն է, որ բոլորը լինեն առողջ և չկորցնեն հավատը: «Տեսնեն այդ հույսը ու այդ  հույսի համար ամեն օր պայքարեն, ամեն օր աշխատեն, միայն աշխատանքով կարող են դուրս գալ վատ վիճակից, նաև պատադրենք այն մարդկանց, որոնց գործն է օգնել աղքատ ընտանիքներին դուրս գալ նման վճակից: Բացի այդ, ամեն մարդ պետք է օգնի կողքինին, եթե մեկ մարդը մեկ–երկու ընտանիքի ձեռք մեկնի, շատ արագ դուրս կգանք այդ վիճակից: Հայաստանում պետք է լինեն հարուստներ, բայց չպետք է լինեն աղքատներ»,-նշեց նա: