ԻՊ-ի կողմնակիցները սպառնում են սպանել Քեմբրիջի դքսուհուն՝ թունավորելով նրա գնած սնունդը

22:04 • 13.01.19

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնացել են սպանել Քեյթ Միդլթոնին՝ թունավորելով սնունդը, որը նա գնում է սուպերմարկետից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Քեմբրիջի դքսուհուն ուղղված սպառնալիքները հրապարակվել են Telegram մեսենջերի միջոցով՝ խրախուսելով ծայրահեղականներին թունավորել նրա ուտելիքը:

Նշվում է, որ լուսանկարներից մեկում 37-ամյա դքսուհին պատկերված է գնումներ անելու սայլակով, որի վրա կարմիր X է նկարված, և կից գրված է. «Մենք գիտենք, թե նա ինչ է ուտում. թունավորեք այն»:

Աղբյուրը շեշտում է, որ հավելյալ սպառնալիքներ են արվել նաև նրա որդու՝ արքայազն Ջորջի հասցեին:

Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ սպառնալիքներին լուրջ են վերաբերվում: «Հետախուզության գործակալները կարծում են, որ Միդլթոնի հանդեպ հնչած սպառնալիքները կեղծ չեն և կապ ունեն Հուսեյն Ռաշիդի ուղարկած հաղորդագրությունների հետ»,- ասել է թերթի աղբյուրը:

Հուսեյն Ռաշիդը ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ ԻՊ-ի կողմնակիցներին արքայազն Ջորջի վրա հարձակվելու կոչ անելու համար: