Լագերֆելդի մահից հետո Chanel-ը կգլխավորի նրա «աջ ձեռք» Վիրժինի Վիարը
Աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկի՝ հեղինակավոր Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդի մահից հետո, ֆրանսիական բրենդը կգլխավորի նրա մուսա, ընկեր Վիրժինի Վիարը, որը ավելի քան երեսուն տարի եղել է Լագերֆելդի «աջ ձեռքը»:
Ինչպես նշում է Vogue-ը, Վիարը Chanel-ում հայտնվել է 1987թ.: Լագերֆելդը գրեթե ամենասկզբից նկատել է նրա տաղանդն ու չորս տարի անց նրան նշանակել ասեղնագործության ստուդիայի տնօրեն: Արդյունքում Վիարն ավելի քան 30 տարի կողք կողքի աշխատել է դիզայների հետ՝ այդ ընթացքում հասցնելով դառնալ նրա «աջ ձեռքն» ու հավատարիմ ընկերը:
Վիարի գլխավոր պարտականությունն էր Լագերֆելդի էսքիզները կյանքի կոչելը: Նա ղեկավարում էր ստեղծագործական թիմը, գնում գործվածքներն ու հավաքածուների ստեղծման համար անհրաժեշտ այլ պարագաներ:
Ընդհանուր առմամբ, նա շատ կարևոր դեր է ունեցել բոլոր հավաքածուների ստեղծման հարցում: Իսկ վերջին տարիներին նրա դերն ավելի էր կարևորվել. Լագերֆելդը հենց Վիարի հետ էր ցուցադրության վերջում պոդիում դուրս գալիս:












