Թուրքիայի քաղաքներից մեկում Էրդողանի այցին ընդառաջ ծածկել են ընդդիմադիր գործչի պաստառը

16:09 • 19.02.19

Թուրքիայի Աֆիոնկարահիսար քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ընդառաջ ծածկել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր գործչի պաստառը:

Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, «Լավ» կուսակցության կողմից որպես Աֆիոնկարահիսարի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մահմուդ Քոչակի պաստառը, որը նախընտրական քարոզարշավի շրջանակում կախված է քաղաքի 7-հարկանի շենքերից մեկի պատի երկայնքով, ծածկվել է հսկա կապույտ ծածկոցով:

Դեպքի առիթով Քոչակը հայտարարել է, որ ոմանք ցանկանում են բախում հրահրել իրենց ու անվտանգության ուժերի միջև, մինչդեռ իրենք չեն տրվի սադրանքին:

Միջադեպը լուրջ հակազդեցության է արժանացել նաև տեղի բնակիչների կողմից, որոնցից շատերը համոզված են, որ քաղաքապետարանը նման քայլի է դիմել նախագահին հաճոյանալու համար:

«Սա շատ մեծ անարդարություն է: Ընտրությունը մրցույթ է, և դրա նախապատրաստական աշխատանքները պետք է իրականացվեն արդար պայմաններում», - լրատվամիջոցի հետ զրույցում ասել է տեղի բնակիչներից մեկը:

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները նշանակված են մարտի 31-ին: