«Ճամբարակի անտառտնտեսությունից» ապօրինի հատվել է 504 ծառ՝ պետությանը պատճառվելով մոտ 85 մլն դրամ․ ձերբակալվել է 2 անտառապետ

14:16 • 19.02.19

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու անտառապետ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։

Նախնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններից ապօրինի հատվել են 504 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 85 749 000 դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» մասնաճյուղի պաշտոնատար անձինք պատշաճ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

Մասնավորապես՝ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ ծառայության նկատմամբ դրսևորել են  անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ծառահատումներ կատարվելու, պաշտոնեական անփութության կասկածանքով ձերբակալվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» մասնաճյուղի «Գետիկի» և նույն մասնաճյուղի «Դպրաբակի» անտառպետության երկու անտառապետեր:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: