ԱՄՆ-ում մահացել է «Համբույր Թայմս Սքուերում» հանրահայտ լուսանկարի նավաստին
ԱՄՆ-ում 95 տարեկանում մահացել է Ջորջ Մենդոնսան՝ Ալֆրեդ Էյզենշտադտի հայտնի «Համբույր Թայմս Սքուերում» լուսանկարի հերոսը, գրում է FMT News-ը:
Հայտնի լուսանկարն արվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1945թ.-ի օգոստոսի 14-ին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը հայտարարել էր Ճապոնիայի հանձնվելու լուրը: Նույն օրը մոտ 2 մլն մարդ հավաքվել է Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում՝ ուրախությունը կիսելու: Լուսանկարը Երկրորդ աշխարհամարտի ավարտի խորհրդանիշներից է դարձել:
Լուսանկարում նավաստի Մենդոնսան համբուրում է բուժքույր Գրետա Ֆրիդմանին: Վերջինս մահացել է 2016թ.-ին՝ 92 տարեկանում:
Լուսանկարի հերոսների ինքնությունը երկար ժամանակ լրագրողների քննարկման թեման է եղել: Մենդոնսայի ու Ֆրիդմանի ինքնությունը հաստատվել է միայն վերջին տարիներին՝ դեմքը ճանաչող տեխնոլոգիաների միջոցով:










