Կալիֆոռնիայում փրկարարներն իջեցրել են ճոպանուղու խցիկներում մնացած ուղևորներին (լուսանկարներ, տեսանյութ)

14:04 • 19.02.19

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում գտնվող SeaWorld զվարճանքների այգում փրկարարներն իջեցրել են ջրի վրայով ընթացող ճոպանուղու խցիկներում մնացած ուղևորներին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկանում ենք քաղաքի փրկարար ծառայության թվիթերյան էջից: Ծառայությունից հայտնում են, որ ուղևորներին պարաններով իջեցրել են նավակների մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սան Դիեգոյի զվարճանքների այգու ճոպանուղու խցիկներում 16 մարդ է մնացել: Փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել այն մասին, որ Bayside Skyride ատրակցիոնի 5 խցիկ կախված է մնացել ջրի վրա:

Ոստիկանությունից հաղորդել են, որ ուժեղ քամին ազդել է ավտոմատ անջատիչի աշխատանքի վրա, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: