Աշխատակիցներն ստացել են աշխատավարձ, մեկ-երկու օրվա ուշացումներ են եղել. ՍԱՊԾ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բոլոր աշխատակիցները ստացել են աշխատավարձ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը` անդրադառնալով ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական, արդարադատության մայոր Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը, ըստ որի` ՍԱՊԾ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել։
«Այդպիսի խնդիր չկա, մենք աշխատավարձ ստացել ենք»,-ասաց նա:
Հարցին, թե ուշացումներ էլ չեն եղել, նա ասաց, որ մեկ-երկու օրվա ուշացում է եղել: «Ես չգիտեմ, թե ով է դժգոհություններ հայտնում, բայց եթե դժգոհություն լինի, ենթադրվում է, որ ես կիմանամ»,-ասաց նա: Անդրադառնալով Նարեկ Մանթաշյանի հայտարարությանը, որ ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցում, Անուշ Հարությունյանը նշեց, որ Նարեկ Մանթաշյանը երկար ժամանակ է, ինչ խնդիրներ ունի և այդ խնդիրներին իրավական հարթության մեջ տրվում են պատասխաններ: «Մեր կողմից որևէ թերացում, որևէ խնդիր չկա, բայց դատական գործ է ընթանում, դատարանը թող որոշի իրենք ճիշտ հիմքով ենք աշխատել, թե ոչ»,-ասաց նա:
Ներկայացնում ենք նաև Նարեկ Մանթաշյանի գրառումն ամբողջությամբ:
«ՍԱՊԾ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել։
ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցում
Ինչպես շատերդ տեղյակ եք՝ շարունակվում է ՀՀ վարչական դատարանում քննվել իմ հայցով դատական վեճը ընդդեմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի։ 2018թ․դեկտեմբերի 17-ին նշանակված էր դատական նիստ, որտեղ նիստի մեկնարկին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ շահերը ներկայացնող իրավաբան Խ․Խաչատրյանը ներկայացրեց միջնորդություն հետևյալ բովանդակությամբ.
որ այլևս ՀՀ-ում գոյություն չունի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ և կառույցը վերակազմակերպվել է՝ անվանվելով ՀՀ ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, իմ կողմից միջնորդությանը առարկություն չի եղել և միջնորդության ուսումնասիրման համար դատական նիստը հետաձգվել է։
Այնուհետև այսօր ստացել եմ մի քանի աշխատակիցների կողմից նամակ, ովքեր չեն ցանկացել սեփական անունից հանդես գալ հասկանալի պատճառներով, որ ՍԱՊԾ-ն դեռ չի վճարել 2019թ․հունվար ամսվա աշխատավարձը։ Ըստ աշխատակիցների՝ խնդիրը ՍԱՊԾ-ի դեռևս վերջնական կարգավիճակ չունենալն է, այսինքն՝ դեռ փաստացի կառավարությանն առընթեր չեն, որ կառավարությունը հաշվարկի և վճարի աշխատավարձները և ոչ էլ առանձին բյուջե ունեն։
Խնդիրն ուսումնասիրելու համար նայեցի ՀՀ կառավարության կայք էջում, որտեղ նշված է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որի կայքն է snund.am։ Երբ հղումով գնում ես, այդ կայքում գրված է, որ դա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքն է, կարծեցի ուղղակի տեխնիկական խնդիր է և ուղղակի չեն հասցրել կայքում թարմացնել կամ փոփոխել իրենց հիմնարկի անվանումը։
Այնուհետև կայքում տեսա վարչական տուգանք նշանակելու վերաբերյալ որոշումներ, մասնավորապես, 2018թ․դեկտեմբերի 25-ի թիվ 495 որոշումը, որտեղ գրված է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ։
Ամփոփելով՝ ստացվում է, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կամ 2018 թ. դեկտեմբերի 17-ին է կեղծ միջնորդություն ներկայացրել դատարան կամ 2018 թ․դեկտեմբերի 25-ին կայացրել է ոչ իրավաչափ որոշում վարչական տուգանք նշանակելու մասին։
Դե իսկ Աշխատանքային օրենսգրքով հստակ կարգավորվում է, որ աշխատավարձը գործատուն պարտավոր է վճարել մինչև աշխատած ամսվան հաջորդող ամսվա 15, և քանի որ այսօր ամսի 18-ն է ու դեռ չեն վճարվել աշխատավարձերը, ապա սա օրենքի կոպտագույն խախտում է։ Հատկանշական եմ համարում նշել, որ 1997թ․այս կողմ ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատավարձի չվճարման առաջին արձանագրված դեպքն է։
Կեցցե տնտեսական հեղափոխությունը»:










