Խայտառակ վիճակ է. Հակոբ Արշակյանը ներկայացրեց Կիլիկիա ավտոկայանի խնդիրները և խոստացավ լուծումներ տալ

11:39 • 20.02.19

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը Կենտրոնական Կիլիկիա ավտոկայան  և ներկայացրել այնտեղի վիճակը: Նա ներկայացրեց իր տպավորությունները` նշելով, որ  որդեգրել են ազնիվ լինելու և իրերը իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծման նախաձեռնություններով հանդես գալու քաղաքականություն:

Մասնավորապես զուգարանների վիճակի վերաբերյալ նա ասաց.«Առաջին տպավորությամբ խայտառակ վիճակ է, հակասանիտարական, միանգամից զգացվում է, որ ընդհանրապես որևէ աշխատանք տարիների ընթացքում չի արվել և ուղղակի անհնար է որևէ կերպ օգտվելը այդ ամեն ինչից»:




Հակոբ Արշակյանը նշեց, որ սպասրահներ պետք է լինեն, որոնք պետք է ջեռուցվեն, տոմսերի գնման համակարգ լինի, վարորդների սպասարկման կետ լինի: «Բազմաթիվ հնարավորություններ կան, ճիշտ ղեկավարման արդյունքում հնարավոր է, որ կարողանանք ապահովել արժանապատիվ, նորմալ իրավիճակ, որպեսզի մեր քաղաքացիները օգտվեն քաղաքակիրթ փոխադրվելու իրենց իրավունքից: Մենք ջանքեր են գործադրելու, որպեսզի արագ որոշ հարցերի լուծում տանք, որ տարածքում հնարավոր լինի նորմալ զուգարաններ ապահովել, սպասասրահը նորմալ ապահովել, տարածքի գործունեությունը նորմալ ապահովել և շարունակական պետք է զարգացնենք, որպես հիմնական միջքաղաքային ենթակառուցվածք և նաև դեպի արտասահման ուղևորափոխադրումների հարցը պատշաճ կազմակերպելու համար»,-ասաց նա: