Առանձնատներ, բնակարաններ ու այլ անշարժ գույք. «Проект Медиа»-ի հետաքննող լրագրողները պատմել են Ալիևների հարստության մասին

17:26 • 20.02.19

Հետաքննող լրագրողներին միավորող «Проект Медиа» մեդիահարթակն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի ահռելի կարողությանը, մասնավորապես՝ դրա այն հատվածին, որը գտնվում է Ադրբեջանի սահմաններից դուրս:

Նշվում է, որ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը, ինը տարեկանում դարձել է Ռուսաստանի Ռուբլյովո-Ուսպենսկոյե մայրուղու վրա գտնվող լյուքս դասի փակ բնակավայրերից մեկում՝ «Մայենդորֆ պարտեզներ»-ում շքեղ առանձնատան սեփականատեր: Այն գտնվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի տան կողքին, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական նստավայրը դրանից 10 կմ հեռավորության վրա է: Հատկանշական է, որ այս բնակավայրում վաճառվող տներն ամենաթանկն են ճանաչվել ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում:

Ալիևների տունը գտնվում է 20 մ բարձրությամբ ծառերի հետևում ու քողարկված է օտար աչքից: Ընտանիքի անձնական թիկնազորը բնակվում է հատուկ թիկնապահների համար կառուցված տանը:

Հեյդար Ալիև կրտսերին պատկանող տարածքի ընդհանուր մակերեսն ավելի քան 7 000 քմ է, իսկ տան մակերեսը՝ 1 600 քմ:

Հայտնի է, որ տունն ու դրան կից հողակտորը թոռանն է նվիրել Ալիևի աները՝ ֆիզիկոս, գիտնական Արիֆ Փաշաևը: Սկզբում անշարժ գույքը նրա անունով է գրանցված եղել, սակայն գնումից մեկ տարի անց նա թոռանը շքեղ նվեր է մատուցել: Թեև անշարժ գույքի գինը ճշտել հնարավոր չէ, սակայն նույն տեղանքում նմանատիպ տների գինը մոտ 35 մլն դոլար է:

 

Մեհրիբան Ալիևան հոր հետ

 

Ариф Пашаев c дочерью — первой леди Азербайджана Мехрибан Алиевой

«Մայենդորֆի պարտեզներ»-ը կարելի է համարել Ալիևների ընտանեկան բույնը. եղբոր տնից ոչ հեռու գտնվում է նախագահի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի տունը (7 700 քմ մակերեսով): «Լեյլա Ալիևան, ինչպես և իր եղբայրը, նման թանկարժեք անշարժ գույքի սեփականատեր է դարձել շատ երիտասարդ տարիքում՝ 20 տարեկանում»,-նշում է աղբյուրը:

Սակայն սա միակ դեպքը չէ, երբ Հեյդար Ալիև կրտսերի անունով թանկարժեք ակտիվներ են գրանցվում: 2009թ., երբ նա ընդամենը 11 տարեկան էր, տղան դարձել է Դուբայում կառուցված ինը առանձնատան սեփականատեր: Այն ժամանակ դրանց ընդհանուր արժեքը գնահատվել է 44 մլն դոլար:

Ինչ վերաբերում է Ալիևների հարստացման աղբյուրներին, ապա հետաքննող լրագրողները (Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության նախագիծ՝ OCCRP) պարզել են, որ նախագահական ընտանիքի անդամներն օֆշորներում թաքցված ընկերություններ, շքեղ անշարժ գույք և նույնիսկ ոսկու հանքեր ունեն:

Վերադառնալով Արիֆ Փաշաևի և Ալիևների փոխկապակցված հարստության թեմային՝ աղբյուրը բացահայտում է, որ Փաշաևների ընտանիքին է պատկանում Ալիևների բազմաթիվ ակտիվները միավորող Pasha Holding կորպորացիան: Փաստաթղթերի համաձայն՝ Pasha Holding-ի հետևում կանգնած են նախագահի երկու դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները:

Բացի այդ, երկու ընտանիքն էլ անշարժ գույք ունի արտասահմանում: Ավելի վաղ լրագրողների հետաքննության արդյունքում պարզվել էր, որ Արիֆ Փաշաևին է պատկանում RETRO-INTER ընկերությունը, որը Չեխիայում անշարժ գույքի մի շարք օբյեկտների սեփականատեր է: Նրա թոռնուհու՝ Արզու Ալիևայի ընկերությունը Չեխիայում ունի 1 մլն եվրո արժողությամբ էլիտար առանձնատուն: Բացի այդ, Ալիևներն անշարժ գույք՝ այդ թվում 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունեն Լոնդոնում:

Ընտանեկան բիզնեսում առանձնահատուկ դերակատարում ունի առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Մեհրիբան Ալիևան, որի անունն ավելի վաղ շրջանառվում էր  «Պանամայի արխիվի» օֆշորային սկանդալում:

Անդրադարձի վերջում նշվում է, որ Ալիևն ու իր կինը բնակարան ունեն մոսկովյան հեղինակավոր թաղամասերից մեկում: Դրա մակերեսը 136 քմ է, և այն, հավանաբար, գնահատվում է 1,5 մլն դոլար:

 

Житель подъезда, в котором расположена квартира Алиевых, заявил корреспонденту «Проекта», что представитель Алиевых регулярно появляется в доме.