Անհիմն և անհեթեթ տեղեկություն է․ Արամ Սիմոնյանը՝ Ոստիկանության կողմից ԵՊՀ-ում հայտնաբերված ապօրինությունների մասին

14:52 • 20.02.19

Կտրուկ և միանգամից մերժում եմ բոլոր 3 մեղադրանքներն էլ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ մեկնաբանելով կաշառք վերցնելու և չարաշահումներ կատարելու մասին Ոստիկանության հայտարարությունը։ 

«Մանավանդ շատ կտրուկ մերժում եմ կաշառքի մասին անհիմն և անհեթեթ տեղեկատվությունը։ Դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Արամ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը ԵՊՀ-ում կատարված ապօրինությունների մասին հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ հափշտակվել և յուրացվել է մոտ 27 մլն դրամ, ինչպես նաև 10 հազար դոլար կաշառքի դիմաց կնքվել է 400 մլն դրամի պայմանագիր։

Ըստ Ոստիկանության՝ պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խմբային շահերից ելնելով, աշխատակիցների բացակայությունները ոչ միայն չեն արձանագրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, այլև պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են արձանագրել: Այս ամենի հետևանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է:

Պարզվել է նաև, որ Երևանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ: 

Պարզվել է նաև, որ բուհի ղեկավար պաշտոնատար անձը շինարարական ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել: 

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով: