Հարավային Կորեայում տղամարդը նյարդերը հանգստացնելու նպատակով քարեր, շշերի խցաններ ու մետաղադրամներ է կերել
Հարավային Կորեայի Կոյան քաղաքի բնակչի ստամոքսից բժիշկները 2 կգ քար, շշերի խցաններ ու մետաղադրամներ են հեռացրել, գրում է Daily Mail-ը:
Հիսունչորսամյա տղամարդը, որի անունը չի հիշատակվում, որովայնի շրջանում ցավեր է ունեցել և դիմել բժշկի: Հիվանդի որովայնն ուռած է եղել, և շոշափելիս բժիշկները նրա մաշկի տակ տարօրինակ օբյեկտներ են նկատել: Տղամարդը խոստովանել է, որ նյարդերը հանգստացնելու նպատակով հաճախ է մանր քարեր ու այլ իրեր կուլ տվել:
Բժիշկները հայտնել են, որ տղամարդու որովայնից օտար մարմինները գաստրոսկոպիայի միջոցով հեռացնել հնարավոր չի եղել, հետևաբար դա արվել է վիրաբուժական միջամտությամբ, իսկ հիվանդին 9 օր անց դուրս են գրել:
Պարբերականը հավելում է, որ տղամարդու մոտ ի ծնե մտավոր հաշմանդամություն է առկա: Հայտնի չէ, թե որքան ժամանակ են օտար մարմինները մնացել տղամարդու ստամոքսում: Բժիշկների խոսքով՝ դա «հին սովորություն» է եղել:










