Հալեպի պայթեցված Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին վերանորոգումից հետո կվերաբացվի գարնանը

10:10 • 20.02.19

Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում վերականգնողական աշխատանքների ավարտից հետո մարտ-ապրիլ ամիսներին կմատուցվի առաջին պատարագը: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից՝ 2015թ. ապրիլին: Հայտնի է, որ ահաբեկիչները պայթուցիկը տեղադրել էին հիմքի տակ գտնվող ստորգետնյա թունելներում:

Ինժեներ Գաբրիս Թամասյանը պատմել է, որ իրականացված աշխատանքի ծավալն ահռելի է եղել:

«Միջանցքն ամբողջովին փլված էր, ուստի՝ ստիպված էինք այն նորից կառուցել: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, հավաքել ենք դրանք ու նորովի շարել: Դա ամենաբարդն էր: Շինության մոտ 70%-ը փլատակների էր վերածվել»,- նշել է Թամասյանը:

Հայտնի է, որ փոխվել են եկեղեցու դռներն ու պատուհանները, նոր նստարաններ են տեղադրվում: Ամբողջությամբ վերականգնվել է եկեղեցու ճակատային մասը, ավարտին են մոտենում նաև հարդարման աշխատանքները:

Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվում են Հալեպի հայ համայնքի անդամների նվիրատվությունների շնորհիվ: Առնվազն 150 000 հավատացյալ իր ներդրումն ունի եկեղեցու վերականգնման գործում:

Առաջին պատարագը ծրագրված է մատուցել մարտ-ապրիլ ամիսներին:

Նախքան Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը, Հալեպում բնակվել է մոտ 250 000 քրիստոնյա, գործել է առնվազն 45 եկեղեցի: Ներկայում դրանց մոտ կեսն ավերված է ու սպասում է վերականգնման իր հերթին: