Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման 11 դեպք է արձանագրվել

02:58 • 20.02.19

Իդլիբյան դեէսկալացիայի գոտում մեկ օրում անօրինական զինված խմբավորումների կողմից հրադադարի խախտման 11 դեպք է արձանագրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինը:

Սոլոմատինի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում զինյալները կրակ են բացել սիրիական Լաթաքիա, Համա և Հալեպ նահանգների մի շարք բնակավարերի, ինչպես նաև Հալեպ քաղաքի արևմտյան ծայրամասային թաղամասերի ուղղությամբ:

Կենտրոնի ղեկավարը նաև հայտնել է, որ փետրվարի 18-ի դրությամբ համաներմամբ ներում է շնորհվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 54 հազար 203 սիրիացու, այդ թվում՝ մի շարք փախստականների և անօրինական զորամիավորումների նախկին անդամների:

Սոլոմատինը հավելել է, որ հաշտեցման ռուսական կենտրոնը անօրինական զորամիավորումների հրամանատարներին կոչ է անում հրաժարվել զինված սադրանքներից և բռնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին: