Թրամփը կարող է կրկին հետաձգել չինական ապրանքների համար նոր մաքսատուրքերի սահմանումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար հավելյալ մաքսատուրքերի սահմանումը կարող է կրկին հետաձգվել: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ ամերիկյան լրատվամիջոցներին հղումով:
Լրագրողների հարցին, թե նախատեսում է արդյոք նա հետաձգել հավելյալ մաքսատուրքերի սահմանումը, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարող ձեզ հստակ ժամկետներ նշել, դա կախարդական ամսաթիվ չէ, քանի որ շատ բան է տեղի ունենում: Տեսնենք՝ ինչ կստացվի... Բանակցությունները շատ-շատ լավ են ընթանում»:
Նախագահի խոսքով՝ Չինաստանը չի ցանկանում, որ ԱՄՆ-ը հավելյալ մաքսատուրքեր սահմանի, ուստի Պեկինը «փորձում է ավելի արագ գործել, որպեսզի դա տեղի չունենա»: Թրամփը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը «շատ բարդ բանակցություններ են վարում»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները մտադիր էր 2019 թվականի հունվարի 1-ից հավելյալ մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար, սակայն ավելի ուշ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մաքսատուրքերի սահմանումը մինչև մարտի 1-ը հետաձգելու որոշման մասին:










