«Կամաց-կամաց պատմելու ենք, թե պահեստում ինչեր ունենք». Պուտինը ներկայացրել է հիպերձայնային զենքի նորագույն տեսակ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում պատմել է հիպերձայնային զենքի նոր տեսակի մասին, որը ստացել է «Ցիրկոն» անվանումը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, իր խոսքում Պուտինը հիշեցրել է, որ դեռևս նախորդ տարվա ուղերձի ժամանակ էր խոստացել աստիճանաբար պատմել ռուսական արտադրության նոր զինատեսակների մասին:
«Այսօր հնարավոր եմ համարում ձեզ պաշտոնապես հայտնել ևս մի հեռանկարային նորույթի մասին: Ահա այսպես կամաց-կամաց պատմելու ենք, թե պահեստում ինչեր ունենք: Ինչ վերաբերում է ևս մի հեռանկարային նորույթին, ապա դրա վրա տարվող աշխատանքը հաջող է ընթանում ու, անկասկած, կավարտվի սահմանված ժամկետում: Խոսքը «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռի մասին է»,-ասել է Պուտինը:
Նա մանրամասնել է, որ ծովային հրթիռի գործողության շառավիղը կգերազանցի 1000 կմ-ն: Դրանով կհամալրվեն ինչպես հեռանկարային, այնպես էլ արդեն կառուցվող նավերն ու սուզանավերը:
Պուտինը հավելել է, որ սկսվել է «Ավանգարդ» գերձայնային հրթիռային համալիրի, «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի սերիական արտադրությունը:
«Հայրենիքի զինանոց» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին kp.ru-ի հետ զրույցում բացատրել է՝ ինչու է Պուտինն իր ուղերձում առանձնահատուկ նշել «Ցիրկոն»-ի մասին: Մասնագետի խոսքով՝ ռուսական հականավային համալիրների հրթիռները գերձայնային են, իսկ «Ցիրկոն»-ը հիպերձայնային է:
Նա հավելել է, որ «Ցիրկոն»-ն այն աստիճան արագընթաց է, որ հրթիռը խոցելու հավանականությունը չնչին է:
«Աշխարհում ոչ մի երկիր հիպերձայնային հրթիռների հետ աշխատելու ունակ համակարգեր չունի»,-եզրափակել է Մուրախովսկին:










