Գալապագոսյան կղզիներում ավելի քան 100 տարի առաջ վերացած համարվող տեսակի հսկա կրիա է հայտնաբերվել (լուսանկարներ)
Գալապագոսյան կղզիներում գիտնականները հսկա կրիա են հայտնաբերել, որը, հավանաբար, պատկանում է Chelonoidis Phantasticus տեսակին: Այս մասին տեղեկանում ենք Գալապագոսյան կղզիների ազգային պարկի թվիթերյան էջից:
Կրիան նկատվել է Ֆերնանդինա կղզում գիտարշավի մասնակիցների կողմից: Գրառման մեջ նշվում է, որ կրիաների այդ տեսակն ավելի քան 100 տարուց ի վեր վերացած է համարվում:
Գալապագոսյան կղզիախումբը համեմատաբար նոր ձևավորված է, ուստի աչքի է ընկնում էնդեմիկ բուսականությամբ և կենդանատեսակների բազմազանությամբ: Այնտեղ հետազոտություններ է կատարել հայտնի բնախույզ, էվոլյուցիայի տեսության հիմնադիր Չարլզ Դարվինը:
Հատկանշական է, որ կղզիների անվանումն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «կրիաների կղզի»: Կղզիախումբն այդ անվանումը ստացել է այնտեղ բնակվող հսկա կրիաների պատճառով:
Ներկայումս Գալապագոսյան կղզիներում ընդհանուր առմամբ հսկա կրիաների 11 տեսակ է բնակվում:











